«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Դանիել Երաժշտի հետ։ Այս անգամ միջոցառումը նվիրված էր Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին։ Թեման էր «Թեքեյանը և երաժշտությունը»։ Այն հետաքրքրել էր շատերին, հատկապես երիտասարդներին, ուսանողներին։ Ներկա էին նաև Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր Մհեր Նավոյանը, արվեստի վաստակավոր գործիչ, «Թեքեյան» մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանը և այլ գործիչներ։ Դանիել Երաժիշտն անդրադարձավ պոեզիայի և երաժշտության առնչություններին առհասարակ և, մասնավորապես, Թեքեյանի արվեստում։
Բանախոսը նախանշեց երկու մոտեցում` մեկը պոեզիայից դեպի երաժշտություն, մյուսը` հակառակը։ Առաջինը երաժշտական այն գործերն են, որոնք կյանքի են կոչվել պոեզիայի ներշնչմամբ։ Օրինակ, Ֆերենց Լիստի «Պետրարկայի սոնետները» դաշնամուրային պիեսները կամ «Դանթե» սիմֆոնիան, «Դանթե ընթերցելուց հետո» պիեսը և այլն։ Սրանք ծրագրային կոչված երաժշտության նմուշներ են, որոնք ասես թարգմանում են բանաստեղծության բովանդակությունը հնչյունների լեզվով։ Մյուս մոտեցումն է, երբ երաժշտության ազդեցությամբ ծնվում է որևէ քերթված, նովել և այլն։
Բանախոսը նախ ներկայացրեց Թեքեյանի այն քերթվածները, որտեղ այս կամ այն չափով դրսևորվում է պոետի վերաբերմունքը երաժշտությանը։ Սրա նպատակն էր մոտիկից ծանոթանալ Թեքեյանի երաժշտական ըմբռնումներին։ Բանախոսն ընթերցեց և վերլուծեց «Կոմիտաս վարդապետ», «Գողթան երգիչներ», «Եկեղեցին հայկական» քերթվածները, որտեղ Թեքեյանը երաժշտությունը դիտում է որպես պատմական հիշողությունը վառ պահող, որպես սպեղանի, «քար սրտերից» աղբյուր բխեցնող գավազան, իբրև «երկնքի հետ խոսելու» լեզու, իբրև «հաղթություն»։ Թեքեյանը քաջատեղյակ էր ոչ միայն ազգային, այլև դասական երաժշտությանը։ Հանդիպմանը հնչեցին «Եկեղեցին հայկական» խմբերգի, Բեթհովենի դաշնամուրային 26-րդ սոնատի ձայնագրությունները։ Բանախոսն ընթերցեց «Բեթհովենի սոնատի վրա» քերթվածը, որը ներշնչված էր սոնատի երաժշտությամբ։
Սոնատը ծրագրային է, քանի որ երաժշտության հոսքն ընթանում է նախապես որոշված հունով։ Բեթհովենը սոնատի 1-ին մասը վերնագրել է «Հրաժեշտ», 2-րդ մասը` «Բացակայությունը», 3-րդը` «Վերադարձը»։ Սրանց համապատասխան էլ պոետը ստեղծել էր իր երեք սոնետները` նույն վերնագրերով։ Դանիել Երաժիշտը հակիրճ վերլուծեց սոնետը, դաշնամուրով նվագեց «հրաժեշտի» լայտմոտիվը, նրա փոխակերպումները, և նշեց, որ որքան էլ նմանեցված լինի «հնչյունային թարգմանությունը» բնագրին, միևնույն է` նույնական չի կարող լինել։ Քանի որ յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում երաժշտության վերացական լեզուն, ըստ իր երևակայության, կենսափորձի, յուրովի էլ վերարտադրում է ստացած տպավորությունը։
Հանդիպման հայտնությունն էր Երվանդ Երկանյանի «Իրիկվան խորհուրդներ» վոկալ շարքը, հիմնված Վ. Թեքեյանի «Փափագ», «Երեք կոչերը» և «Շվարում» քերթվածների վրա։ Այն հնչեց մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի և դաշնակահար Հարություն Փափազյանի ձայնագրությամբ։ Մինչ այդ Երկանյանը պատմեց երգչուհու և նրա ամուսնու` Տիգրան Լևոնյանի հետ ստեղծագործական շփումների մասին։ Պարզվեց, որ Գոհար Գասպարյանը և Երկանյանի մայրը սովորել են Վ. Թեքեյանի մոտ։ Այստեղից էլ նրա պոեզիայի հոգեհարազատությունը, երգերի տեքստերի և երաժշտության ներդաշնակությունը։ Գ. Գասպարյանի կատարումը ցնցեց ներկաներին։ Դանիել Երաժիշտը ձայնագրությունը բնորոշեց որպես «պատմական», իսկ երգաշարը` «դրամատիկ վառ տեսարան»։ Եվ ահա թե ինչու. Գոհար Գասպարյանը, որ մեծագույն ուժով մարմնավորել էր Մարգարիտայի (Գունո, «Ֆաուստ»), Մարֆայի (Ռիմսկի-Կորսակով, «Թագավորի հարսնացուն»), և վերջապես Անուշի ողբերգական կերպարները, հանկարծ, ինչպես լացող հրեշտակ, հոնգուր-հոնգուր լալիս է Թեքեյանի «Շվարումի» վերջին խոսքերը երգելիս.
Ի՛նչ խորհուրդ է այս. երբ մարդու ոսոխ
Եվ դուն հավիտյան տկարին ընդդեմ...
Աստվա՛ծ իմ, ինչպե՞ս զքեզ ըմբռնեմ...
Անմոռանալի հանդիպում էր։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ